12 թիմ՝ 1 ընտանիք

2019-ի փետրվարը սկսվեց համադպրոցական միջոցառմամբ։ Փետրվարի 1-ին «Այբ» դպրոցի բոլոր 12 հասարակական թիմերը հավաքվել էին իրենց գործունեությունը մնացյալ թիմերին, տնօրենությանը և, իհարկե, դպրոցի նորեկներին ներկայացնելու նպատակով։

Միջոցառումը սկսվեց բոլոր թիմերի համակարգող Արմինե Բաբայանի խոսքով․ «Մեզնից յուրաքանչյուրը թե՛ արագահաս է, թե՛ հոգատար, թե՛ հյուրընկալ»։

Հերթականությամբ ներկայացան բոլոր հասարակական թիմերը։

  1. Տեխնիկական աջակցության թիմ՝ Կարեն Առուստամյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ լուծել տեխնիկական խնդիրները, կազմակերպել տեխնիկական պատրաստությունները միջոցառումների ժամանակ, կազմել հեղինակային նախագծեր առցանց խաղերի ձևաչափով

  1. Հոգատար թիմ՝ Ջեննի Թուֆենկջյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ հոգ տանել դպրոցի, շրջակա միջավայրի մասին, կազմակերպել ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներ աղբահավաքի, ծառատունկի ձևաչափով՝ խրախուսելով մյուսներին

  1. Մեդիա թիմ՝ Քրիստինե Քյուրքլյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ լուսաբանել դպրոցի հետ կապված միջոցառումները, լուսանկարել և տեսանկարահանել դրանք՝ մշտապես տեղեկացված պահելով հանրությանը

  1. Մասնագիտական կողմնորոշման թիմ՝ Ռուզաննա Մայիլյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ օգնել աշակերտներին ապագա մասնագիտության, համալսարանի ընտրության, կրթաթոշակների հայթայթման գործում

  1. Մշակութային թիմ՝ Մարի Ադամյանի և Արմինե Բաբայանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ օգտագործելով աշակերտների հեղինակային աշխատանքները՝ հասարակությանը ճանաչելի դարձնել թե՛ այբական, թե՛ ազգային մշակույթը

  1. Էկո թիմ՝ Ջեննի Թուֆենկջյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ սահմանել խնայողություններ, կանխել շրջակա միջավայրում պլաստիկի, պոլիէթիլենի, թղթի և այլ նյութերի չարաշահումը, հետևողական լինել դրանց վերամշակմանը՝ խրախուսելով մյուսներին խնայել

  1. Հյուրընկալ թիմ՝ Տիգրան Հարությունյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ հատուկ հյուրերին և դիմորդներին արժանվույնս ներկայացնել դպրոցը, իրականացնել բաց դռների օրերի միջոցառումներ, ինչպես նաև կատարել արտահերթ շրջայցեր

  1. Գրադարանի թիմ՝ Անի Գրիգորյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ հետևողական լինել գրադարանի նկատմամբ, ստեղծագործել՝ ավելացնելով գրադարանի գրականությունը հեղինակային գործերով, և խրախուսել մյուսներին ընթերցանությամբ զբաղվել

  1. Բանավեճի թիմ՝ Զոհրաբ Գևորգյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ աշակերտների մեջ զարգացնել բանավիճելու հմտություններ

  1. Արագահաս թիմ՝ Սամվել Ներսիսյանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ արտակարգ իրավիճակներում ցուցաբերել ֆիզիկական աջակցություն իրերի տեղափոխման, վերանորոգումների ժամանակ

  1. Սպորտային թիմ՝ Տիգրան Հարությունյանի ղեկավարությամբ

Գործառույթ զարգացնել սպորտային գիտելիքները, ծանոթանալ սպորտի պատմությանը, ներկայացնել դպրոցը մրցումների ժամանակ որպես թիմ

  1. Փոխօգնության թիմ՝ Արմինե Բաբայանի ղեկավարությամբ

Գործառույթ՝ օգնել միջին դպրոցի 3-6-րդ դասարանների աշակերտներին դասապատրաստման գործում

Հարկ է նշել, որ թիմերի նպատակը հասարակական ծառայության ժամեր կուտակելը չէ, այլ, պատասխանատվություն կրելով և առարկայական գիտելիքները գործածելով, հանրօգուտ գործ կատարելը, որը միաժամանակ կզարգացնի մի շարք հմտություններ։

Գոհարիկ Ադամյան (11-րդ դասարան)

Tweets by AybSchool
>