Մեկնարկեցին «Այբ» կրթական ավանի տարածքում ավագ դպրոցի նոր մասնաշենքի նախագծման աշխատանքները

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և դանիական հեղինակավոր BIG (Bjarke Ingels Group) ճարտարապետական կազմակերպության գործընկեր Քեթրին Հուանգը ստորագրեցին նոր մասնաշենք նախագծելու վերաբերյալ պայմանագիր։

«Այբ»-ում մենք հավատում ենք, որ կրթական միջավայրը պարզապես ֆիզիկական տարածք չէ. այստեղ ճարտարապետական յուրաքանչյուր լուծում պետք է արտացոլի մեր արժեքներն ու գաղափարները։

Նոր մասնաշենքի կառուցումը ոչ միայն կմեծացնի մրցունակ, որակյալ ու նորարար կրթության հնարավորությունները, այլև կկրկնապատկի ավագ դպրոցի աշակերտների թիվը։ Սա նշանակում է, որ, ընտանիքի ֆինանսական կարողություններից անկախ, ավելի շատ երեխա հնարավորություն կունենա ստանալու լավագույն կրթություն. ավագ դպրոցում աշակերտների շուրջ 70%–ը սովորում է բարերարների աջակցությամբ։

Նոր մասնաշենքի հայեցակարգի մշակման համար քննարկումներ են անցկացվել համայնքի տարբեր շահառուների՝ աշակերտների, բարերարների, ուսուցիչների, աշխատակիցների, շրջանավարտների, ծնողների, կրթական փորձագետների ու գործարարների հետ՝ բացահայտելու կարիքներն ու տեսլականը։

Այս կարևոր նախագիծն իրականացնելու մեր հայաստանյան գործընկերը «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցն է, իսկ ծրագրի կառավարումը ստանձնել է «Պրոդեկո» կազմակերպությունը:

Tweets by AybSchool
>