Տարվա ավարտն «Այբ» դպրոցում նշանավորվեց ոչ միայն ամանորյա տրամադրությամբ, այլև ստեղծարարության, ջերմ շփման ու ընդհանուր նպատակի շուրջ միավորման մթնոլորտով։ Դպրոցի ավանդական ամանորյա տոնավաճառը այս տարի վերածվել էր իրական տոնական հրաշքի՝ լի գույներով, ժպիտներով և անակնկալներով։
Տոնավաճառում իրենց աշխատանքներն ու արտադրանքը ներկայացրին բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Տաղավարների բազմազանությունը հնարավորություն էր տալիս յուրաքանչյուր այցելուի գտնելու հետաքրքրող ձեռագործ իր, նվեր կամ պարզապես հաճելի հիշողություն։
Միջոցառման կարևոր առանցքներից մեկը սննդի տոնավաճառն էր։ Այստեղ դպրոցականների պատրաստած քաղցրավենիքը, համեղ պիցցաներն ու սենդվիչները մրցում էին համերի բազմազանությամբ։ Իսկ տոնավաճառի «այցեքարտ» դարձած այբական հոթդոգները մշտական երկար հերթերի պատճառ էին դարձել։
Այս տարի երեխաները հնարավորություն ունեին ներգրավվելու և իրենց տոնական օրն անցկացնելու՝ պատրաստելով Funfiniti տոնածառեր և տոնածառի խաղալիքներ։ Իսկ ազգային պարերն ու փոխգործուն զբաղմունքները՝ նետաձգությունից հրաձգություն, ապահովում էին ջերմ ու հիշվող միջավայր։ Ինչպես միշտ, ամանորյա տոնավաճառից անպակաս էին դպրոցի երգչախմբի ուրախ ու անմիջական ելույթները։ Այս տարի նաև անակնկալ էր մատուցել Yellow Heart-ը՝ գալով դպրոց և ապահովելով տոնական շունչն ու տրամադրությունը իր ամանորյա երգով։ Իսկ վերջում այբական The Battle of Evermore-ի հերթն էր, որը եզրափակեց օրը հիասքանչ համերգով։
Այս տարվա ամանորյա տոնավաճառը կարևոր էր նաև իր նպատակադրումով. միջոցառումից ստացված ամբողջ հասույթը կուղղվի դպրոցի լաբորատորիաները մոնիտորներով ապահովելուն, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի որակական բարելավմանը։
«Այբ»-ի ամանորյա տոնավաճառը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես կարող է տոնը միաժամանակ լինել ուրախ, օգտակար և իմաստավորված՝ միավորելով համայնքն ընդհանուր գաղափարի շուրջ։
Մարիամ Բաղդասարյան
12-րդ դասարան