«Հեսա ուր որ է 18 տարին կլրանա, ու կտանեն բանակ, հայոց բանակ»։
Երբ լսում եմ հայոց բանակ արտահայտությունը, մի տեսակ սթափվում եմ ու ողջ մարմնով զգում այդ քաջությունը, երակներումս եռում է նախապապերիս արյունը, որը հոսում է նաև այն հողի երակներով, որի վրա կանգնած եմ, որի վրա ինձ հայ եմ զգում։ Մեծը միշտ էլ օրինակ է եղել փոքրի համար։ Առաջնագծում կանգնած նորակոչիկը, որը դեռ չի գիտակցում այն իրականությունը, որում պիտի ապրի 2 տարի՝ աչքի առաջ ունենալով իր աննահանջ հրամանատարին, հենց այդ մարտի դաշտում, հենց այդ վայրկյանին 10 տարով մեծանում է։ Ցանկացած զինվոր հերոս է, հերոս է այն գիտակցության ու պատասխանատվության զգացումով, որով գնում է ծառայելու։ Ո՛չ պատերազմն է կանխատեսված, ո՛չ էլ մահը։ Ամեն վայրկյան հնարավոր է ամենաանսպասելին, որին պատրաստ է հայ զինվորը։ Հայոց բանակը այսօր Հայոց Բանակ է իր զինվորների հավատարմության, մարտական պայքարող ոգու շնորհիվ։ Մարտի դաշտում եթե հանկարծ մարի թնդանոթի կրակը, հայ զինվորի մարտական ոգու հուրը երբեք, երբեք չի մարի, կլուսավորի ազգին ու կկուրացնի թշնամուն։ Պատմությունն էլ գիտի, որ սա այսպես է, հայը դա աշխարհին է ապացուցել։
Ցրտից ճաքճքած շուրթերով, շոգից եփած երեսով, հոգու ծարավով հայ զինվորը, հայ մարտիկը չի մտածում իր զենքը վայր դնելու մասին, չէ՞ որ իր թիկունքում մի ողջ ազգ կա, ընտանիք, մանուկ, որը գիշերը աչքերը փակում ու խաղաղ քնում է՝ վստահելով նրան։ Չէ՞ որ նրան վստահում են, չէ՞ որ նրան սպասում են։ Հայ զինվորը նվիրյալ է, նվիրյալ է, որովհետև անձից վեր են նրա համար հայրենիքը, վստահությունը իր հանդեպ, իր մարտական ընկերը, իր խոստումն ու երդումը։ Տեսնել, թե քո կողքին ինչպես է ընկերոջդ զոհված մարմինը գետնին ընկնում, ամենևին էլ հեշտ չէ, բայց զինվորը դիմանում է և այս ցավին, դիմանում է կարոտին։ Ոչ ոք չի կարող երբևէ զգալ այն, ինչ զինվորը, եթե չկտրի նրա անցած ճանապարհը։ Եվ ինչպես Արցախի հերոսամարտի մասնակից գրող Լևոն Խեչոյանն էր ասում․«Զինվորները քանի չեն վիրավորվել, բոլորն էլ հող են պահանջում․ հենց վիրավորվեցին, կյանք են ուզում։ Դուք ի՞նչ եք կարծում, Աստծուն և լեռներից ներքև բնակվող մարդկանց հասանելի՞ են զինվորի մեջ միաժամանակ ապրող այս երկու ցանկությունները»։
Հայ զինվոր, որը կարող է զոհել սեփական կյանքը՝ փրկելով հարյուրավորներինը, փրկելով իր սրբությունները, փրկելով ու անպիղծ պահելով ազգի պատիվը։ Զինվորներն ազգի հպարտությունն են, ազգի նվիրյալները, և ազգն էլ՝ զինվորների։
Անահիտ Հարությունյան, 12-րդ դասարան
Կիսվել