Միասնություն և արարում. այս ոգին էր տիրում «Այբ» համայնքի ամենասպասված և սիրված միջոցառման՝ Այբական խաղերի ընթացքում։ Ավանդույթի համաձայն՝ Սրբոց Թարգմանչաց տոնին հաջորդող կիրակի օրը՝ հոկտեմբերի 12-ին, «Այբ» դպրոցում հերթական անգամ համախմբվեց ամբողջ համայնքը՝ նշելու 11-րդ Այբական խաղերը։ Այս տարվա խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ «Այբ»-ը միայն դպրոց չէ, այլ մի ընտանիք, որը մշտապես ձգտում է միասին զարգանալու և նոր նվաճումներ ունենալու։
Այբական խաղերի ողջ հասույթն այս տարի ուղղվելու է լաբորատորիաները մոնիտորներով ապահովելուն: «Այբ» համայնքի միասնականության գեղեցիկ դրսևորումներից մեկն է, երբ յուրաքանչյուր մասնակից անմիջական ներդրում է ունենում կրթական գործընթացի բարելավման և աշակերտներին լավագույն պայմաններով ապահովելու գործում։
Այբական օրը մեկնարկեց ավանդական հանդիսություններով։ Հնչեց ՀՀ պետական օրհներգը, տեղի ունեցավ դրոշների բարձրացման արարողությունը, ինչպես նաև դպրոցի նոր աշակերտներն ու անձնակազմը տվեցին իրենց խորհրդանշական խոստումը։ Դպրոցի ղեկավարության ողջույնի խոսքից և բոլոր մրցավարների անաչառ լինելու խոստումից հետո, տրվեց 11-րդ Այբական խաղերի պաշտոնական մեկնարկը։
Օրվա ընթացքում դպրոցի տարածքը վերածվել էր մրցութային և ժամանցային մեծ հարթակի։ Ավանդույթ դարձած մարզական՝ ֆուտբոլի և բասկետբոլի, շախմատի և բազկամարտի մրցումներից բացի՝ այս տարի խաղերը հագեցած էին բազմազան նորույթներով և ինտելեկտուալ մարտահրավերներով։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու և փորձելու իրենց ուժերը ձմեռային սպորտաձևերում. այս տարվա նորույթներից էր սնոուբորդը։ Մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին բակային հայկական խաղերը, որոնք համայնքի բոլոր անդամներին հնարավորություն տվեցին միասին վայելելու անկեղծ, ազգային և ջերմ մթնոլորտ։ Ինտելեկտուալ և ճանաչողական խաղերն ու մրցույթները լրացրին օրակարգը։
Ավանդական մրցույթների հետ մեկտեղ կայացավ նաև ռազմամարզական ուսումնական ավանի բացումը։ Համատեղ նպատակներ սահմանելը և դրանք միասին իրագործելը կարևոր արժեք է «Այբ»-ի համար։ Ավանի կառուցմանը մասնակցել են բարերարները, ծնողները, աշխատակիցները, ուսուցիչներն ու աշակերտները՝ դարձնելով նախաձեռնությունը բացառիկ և ոգեշնչող։
Եվ, իհարկե, Այբական խաղերը չէին կարող լիարժեք լինել առանց ավանդական սննդի տոնավաճառի։ Այս անգամ էլ ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի բազմազան ու անուշահամ ուտեստները, որոնք լրացնում էին տոնական տրամադրությունը։ Բայց ամենասիրվածը և սպասվածը, ինչպես միշտ, հարիսան էր, որը, ավանդույթի համաձայն, օրհնվեց և հյուրասիրվեց բոլոր մասնակիցներին՝ խորհրդանշելով համայնքի միասնությունն ու բարօրությունը։
Օրը լեցուն էր նաև հայկական ավանդական պարերով և երգերով։ «Բեկոր» ազգային պարերի և «Դիզակարտ» մանկապատանեկան երաժշտական խմբերի մասնակցությամբ՝ ողջ համայնքը միասնաբար ցուցադրեց ազգային ուժն ու ոգին։
Օրվա ավարտին՝ մրցանակաբաշխության և փակման արարողության ժամանակ, պարգևատրվեցին խաղերում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները, շրջանավարտներն ու թիմերը։
Կարելի է վստահաբար պնդել, որ բոլորը 11-րդ Այբական խաղերից հեռացան ժպիտներով, լիցքավորված և 12-րդ Այբական խաղերի սպասումով։
Էմմի Հովհաննիսյան
12-րդ դասարան