Բարեգործական աճուրդ․ «Այբ»-ի շրջանավարտները հանուն զինվորների

2020 թվականը փորձություններով, դժվարություններով ու տխուր պահերով լի տարի էր: Հայերի համար թերևս կրկնակի բարդ ու կորուստներով լի էր այն: Բայց 2020 թվականը տարի էր, որը սովորեցրեց գնահատել ունեցածն ու պայքարել: Գլխավոր դասը, որ սովորեցինք, սիրելն է՝ հայրենիքը սիրելը, մարդուն սիրելը, զինվորին սիրելը:

Շատ շուտով Ամանոր է: Մեզ հնարավորություն է տրված կյանքը նորովի սկսելու, ապրելու գիտակցված ու մեր հերոսներին արժանի կյանքով՝ պայքարելով հայրենիքի համար ու նրանց գործը շարունակելով:

«Այբ»-ում Ամանորը տոնական չէ առանց ամանորյա ցուցահանդես-տոնավաճառի: Այս տարի այն կայացավ այլ ձևաչափով. «Այբ» դպրոցի շրջանավարտները կազմակերպեցին աճուրդ, որը մշտապես տոնավաճառի անբաժան մասն է կազմել: Իհարկե աճուրդը կայացավ առցանց՝ ֆեյսբուքյան հարթակում: Այս տարվա աճուրդը մի փոքր այլ իմաստ ուներ. մեր նպատակն էր կազմակերպել բարեգործական աճուրդ մեր վիրավոր զինվորներին օգնելու համար: Նախաձեռնության արդյունքում հավաքված ողջ գումարը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

Աճուրդի ընթացքում ներկայացված էին տարբեր իրեր՝ սկսած համեղագույն «Կատարո» գինուց, վերջացրած հենց շրջանավարտների ու համայնքի այլ անդամների ստեղծագործություններով: Աճուրդի հանված բոլոր իրերը յուրահատուկ էին, շատերը շուկայում չկան, և ամենակարևորը՝ բոլորը պատրաստված էին սիրով: Աճուրդը հիանալի առիթ էր հետաքրքիր նվերներ գնելու և միևնույն ժամանակ հայ զինվորին օգնելու համար:

Ընդհանուր 6 օր տևած աճուրդի ընթացքում մենք կարողացանք հավաքել 292,000 դրամ՝ վաճառելով ներկայացված իրերի մեծամասնությունը:

Մեր հայրենիքի պաշտպաններն այժմ առավել քան երբևէ մեր օգնության կարիքն ունեն: Մեր յուրաքանչյուր քայլ հիմա կարող է նոր կյանք պարգևել նրանց, նոր հույսեր ու պայքարելու ուժ տալ: Մենք մեր զինվորների կողքին ենք: Ես հավատում եմ, որ 2021 թվականը հոգատարության ու միևնույն ժամանակ պայքարի տարի կլինի: Պարզապես պետք է լինել նպատակասլաց ու աշխատասեր: Մենք կվերականգնենք մեր հայրենիքը մեր միասնական ուժի ու հավատի շնորհիվ:

Օֆելյա Սմբատյան, «Այբ» դպրոցի շրջանավարտ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>