«Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հանդիպեցին «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, դպրոցի նախկին տնօրեն Արամ Փախչանյանի հետ։ Հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին տարբեր թեմաներ։ Տեղի ունեցավ պարզապես մտերմիկ զրույց՝ հասկանալու 12-րդ դասարանցիների առաքելությունն ու դերը որպես ապագա շրջանավարտներ։
Հանդիպման ընթացքում Արամ Փախչանյանի բարձրացրած կարևորագույն և առանցքային թեմաներն ու մտքերը՝ ստորև։
Ի՞նչ է ազատությունը
Ինչո՞ւ են բանաստեղծները հանգավորում իրենց խոսքը։ Ստեղծարարությունը հնարավոր է միայն սահմանափակումների ներքո․ որքան սահմանափակում ենք մեզ, այնքան ավելի ստեղծարար ենք դառնում։ Չէ՞ որ պետք է հաղթահարել ինչ-որ խնդիրներ։ Բանաստեղծը, հաղթահարելով հանգավորման պահանջը, ստեղծում է հաջող գործ։ Չհաղթահարի՝ չի ստացվի։ Այսինքն՝ ոչ ոք ազատ չէ՞։ Ինչո՞ւ ենք ինքներս մեզ սահմանափակում, եթե սիրում ենք ազատությունը։
Փիլիսոփայություն ընթերցելով կարելի է հանգել մի բանի․ ազատության հստակ սահմանում գոյություն չունի, դա կախված է ընկալումներից։ Ազատության բոլոր ընկալումները առկա են մեր կյանքում, բայց շատ կարևոր է ազատության ներքին ընկալումը։ Ազատ է այն մարդը, որը չի կարծում, որ ստիպված էր տվյալ բանն անել։ Ազատ է այն մարդը, որը պայմանավորում է իր ցանկացած գործողություն իր սեփական արժեքներով։ Երբ աշխարհն ընկալում ենք այնպես, ինչպես կա, իրապես դառնում ենք ազատ։ Բայց դրա համար ամբողջապես պիտի պատասխանատու դառնանք մեզ համար ու չպիտի այս կամ այն հանգամանքի համար մեղադրենք այլ մարդու կամ երևույթ։
Ի՞նչ է արժեհամակարգը
Մենք միշտ ընտրություն ենք կատարում արժեքների միջև և դասում ենք դրանք ըստ կարևորության՝ կյանքի յուրաքանչյուր փուլում տարբեր հերթականությամբ։ Այն, ինչն իր մեջ չունի մեր իսկ կողմից տրված կարևորություն, չի կարող արժեք համարվել։ Արժեք դնել նշանակում է ինքդ քեզ սահմանափակել, տանջել, զրկվել։ Եթե հանուն մի բանի անկարող ենք հրաժարվելու այլ բանից, ապա առաջինը մեզ համար արժեք չէ։ Գիտե՞ք ինչպես են ոչնչացնում մարդկանց․ զրկում են նրանց իրենց արժեքներից։ Ինչպե՞ս են ոչնչացնում ազգերին․ նրանց զրկում են ազգային արժեքներից։ Այդ ազգի մարդիկ մի օր արթնանում են ու հասկանում, որ այդ ազգի մաս լինելն այլևս անիմաստ է, որովհետև ոչ մի արժեք չի կապում քեզ ազգիդ հետ։ Մեր արժեքների համար պիտի պայքարենք։ Դա է պահպանելու մեզ որպես անհատ, որպես ազգի ներկայացուցիչ։
Ի՞նչ է երջանկությունը
Երջանկությունն այն է, երբ կատարածդ որոշումները համապատասխանում են արժեհամակարգիդ, քեզ համար իմաստավորվածին։ Եթե առավոտյան արթնանում ենք ու հասկանում, թե ինչու ենք ուզում մեր աչքերը բացել ու ևս մի օր լինել քաղցած, հոգնել, վազվզել, գումար ծախսել, հոգալ, վախենալ, ուրախանալ և այլն, ապա երջանիկ ենք։ Եթե կյանքում չկա ոչ մի կարևոր բան, ապա մեր կյանքն անիմաստ է։ Ու առավոտյան արթնանալիս չենք հասկանում, թե որն է աչքերը բացելու իմաստը։ Ամեն օր պիտի մեզ համար արժեքներ ստեղծենք, արմատական ու խոր արժեքներ։ Եվ մի օր կարթնանանք ու կհասկանանք, որ իրապես երջանիկ ենք։ Երջանիկ ենք անկախ կորուստներից, դժվարություններից։ Բոլորս էլ վաղ թե ուշ կորցնելու ենք մեզ համար մեծ կարևորություն ունեցող մարդկանց։ Սակայն պետք է գիտակցել, որ կա դրանից ցավ չզգալու երկու ճանապարհ։ Առաջինը այդ մարդկանց արժևորելուց դադարելն է ինչ-որ պահի, երկրորդը՝ հակառակը՝ նրանց է՛լ ավելի շատ արժևորելը, այն աստիճան, որ երբ հեռանան մեր կյանքից, միևնույն է՝ մնան մեզ հետ, ու նրանց արժեքը մեր կյանքում պահպանվի։
Ուստի, եթե ուզում ենք լինել երջանիկ և գործել ըստ մեր սեփական արժեհամակարգի ու միաժամանակ նաև ազատ լինել, պիտի կատարելապես պատասխանատվություն կրենք ինքներս մեզ համար։ Հասկանանք, որ ոչ ոք, բացի մեզնից, պատասխանատու չէ մեզ համար։
Էլլա Ավագյան, 12-րդ դասարան
Լուսանկարները՝
Էռնա Թովմասյան, 12-րդ դասարան,
Անի Սադոյան, 12-րդ դասարան
Կիսվել