Նախագծային ուսումնառության «Ստվերների թատրոն» ակումբը, նպատակ ունենալով տարածել թատրոնի այս ճյուղը Հայաստանում և դրա միջոցով նորարար լուծումներ առաջարկել հասարակությանը, նախաձեռնեց երկու գաղափար, որոնք իրագործում է ուսումնական ընթացիկ տարում։
2022-2023 ուստարվա համար որպես առաջին նախագիծ նախաձեռնում ենք ստվերների թատրոնի տարրերով պատրաստել տեսահոլովակ «Լավ էլի» երաժշտախմբի համար։ Համագործակցության առաջարկն ուղարկելուն պես ստացանք համաձայնություն և անմիջապես հանձն առանք աշխատանքների իրականացմանը։ Աշխատանքի ողջ ընթացքում ակտիվ կապի մեջ ենք խմբի հետ թե՛ առկա, թե՛ առցանց ձևաչափերով՝ քննարկելով և համաձայնեցնելով սցենարային յուրաքանչյուր մանրամասն։ Առկա հանդիպման շրջանակում անցկացրինք շրջայց ևս, որի ընթացքում ծանոթացրինք խմբին «Այբ» դպրոցի գործունեությանը, պատմությանը, ինչպես նաև այբեցիների կյանքին ու առօրյային։ Տեսահոլովակի անիմացիոն նկարահանման համար համագործակցում ենք On Off անիմացիոն ստուդիայի հետ։ Ստուդիայի հիմնադիր տնօրենի հետ հանդիպման ընթացքում իմացանք անիմացիայի մասին հետաքրքիր փաստեր, այն նկարահանելու հիմնական տեխնիկան, և ինքներս փորձարկեցինք։ Նախագիծը անիմացիոն նկարահանման փուլում է։ Մայիսին այն հասանելի կլինի հանրությանը։
Հաջորդ նախագիծը, որը պատրաստվում ենք իրականացնել, ճամպրուկ-գրքի պատրաստումն է։ Այն նախատեսում է փոքրիկ բեմ, կենդանիների պատկերներով տիկնիկներ և հեքիաթ։ Մի շարք կրթական կազմակերպություններ կամ անհատներ կարող են օգտագործել արտադրանքը փոքրիկներին կենդանիների մասին պատմելու, դրանց ծանոթացնելու համար, ապա հենց կենդանի կերպարների միջոցով տրված հեքիաթը բեմադրելու։ Այսինքն՝ արտադրանքը կլինի ոչ միայն ուսուցողական և փոխգործուն, այլ նաև կդարձնի մանուկների առօրյան բազմազբաղ։ Աշխատանքները հեքիաթի սցենարային հատվածի քննարկման փուլում են։ Կներկայացնենք մեր վերջնական արտադրանքը ամռանը։
Այս ամիսների ընթացքում հասցրել ենք թե՛ քննարկել նախագծերի մանրամասները և իրականացման ընթացքը, թե՛ ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանում գործող ստվերների թատրոնի տարբեր խմբերի գործունեությանը` ներկա գտնվելով ստվերների թատրոնի երկրորդ ազգային փառատոնին։ Այս այցի ընթացքում դիտեցինք ստվերների թատրոնի տարրերով հագեցած մի շարք ներկայացումներ, որոնք միմյանցից տարբեր էին իրենց մոտեցումներով, տեխնիկապես և գաղափարապես։
Մելինե Հարությունյան, 12-րդ դասարան
Քրիստինե Գրիգորյան, 12-րդ դասարան
Կիսվել