Արհեստական բանականությունը և մեր ապագան․ հանդիպում Արտավազդ Մինասյանի հետ

Այն կարողանում է գրել ծավալուն վեպեր, ստեղծել ծրագրավորման կոդեր, զրուցել հետդ ինչպես մտերիմ ընկերդ, խաղալ մտավոր բառախաղ և խորհուրդներ ու տեղեկություն տալ աշխարհում գոյություն ունեցող գրեթե ցանկացած թեմայով։ Այն կոչվում է Chat GPT՝ արհեստական բանականությամբ աշխատող բոտ-զրուցարան, որը ստեղծվել է Open AI-ի կողմից։

Այս արդիական գործիքի ու առհասարակ ԱԲ-ի հեռանկարի ու հարափոփոխ աշխարհի մասին էր զրույցը «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, Krisp և 10web ստարտափների համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ։

Անցյալ տարի նոյեմբերին է Chat GPT-ն հասանելի դարձել լայն հանրությանը՝ կիրառման համար։ Շատերը համարում են, որ այս բոտը վտանգում է կրթական համակարգը։ Սակայն միայն կրթությունը չէ, որ տուժում է մեր առօրյայում նեյրոնային ցանցի ճյուղավորվելուց ու արմատավորվելուց։ Ըստ պարոն Մինասյանի՝ կանխատեսվում է, որ արդեն 2030 թվականին արևմտյան երկրների բնակչության 30 տոկոսին կսպառնա գործազրկություն, քանի որ շատ մասնագիտություններ պարզապես դուրս կմղվեն աշխատաշուկայից՝ մարդկային ներուժը փոխարինելով նեյրոցանցով։

Արհեստական բանակությունը, մասնավորապես Chat GPT-ն, առաջ է բերել նաև որոշ կարևոր հարցադրումներ բարոյագիտության և մարդկության ապագայի մասին։ Այժմ լուրջ քննարկումներ են աշխարհում ընթանում․ մի կողմից տեխնոլոգիական առաջընթացն այլևս անկասելի է, մյուս կողմից էլ մարդ տեսակի գործառույթը, բարոյագիտությունն ու հոգևոր-փիլիսոփայական արժեքները նոր մեկնաբանություն են պահանջում։

Աշխարհը փոխվում է ակնթարթորեն։ Ո՞վ գիտի՝ 3 ամսից կամ ամենաուշը կես տարուց այս բոտի հիման վրա ինչ նոր հայտնագործություններ կարվեն կամ ԱԲ-ի ինչ արտադրանքներ կստեղծվեն։

Գյուլնարա Սարգսյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>