Երբ ուսուցումը վերածվում է համատեղ արկածի, կրթական ճանապարհը դառնում է է՛լ ավելի հիշարժան ու ոգեշնչող։
Մարտի 24-30-ը «Այբ» դպրոցի աշակերտները Ռուսաստանի Դաշնությունում էին՝ մասնակցելու Մոսկվայի «Լետովո» դպրոցի հետ համատեղ իրականացված փոխանակման ծրագրին։ Նրանց ուղեկցում էին մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Գասպարյանը և անգլերենի ուսուցչուհի Կարմեն Ղազարյանը:
Ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու թե՛ դպրոցի հեղինակային ծրագրում և թե՛ «Միջազգային բակալավրիատ» կրթական ծրագրում ներառված առարկաների դասերին: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին նաև արտադասարանային խմբակների պարապմունքներին։
Ծրագրին մասնակցող աշակերտներից 10-րդ դասարանցիներ Մարի Հովհաննիսյանը և Մարգարիտա Ատոմյանը կիսել են իրենց տպավորությունները ձեռք բերած փորձառության մասին։
Մարիին փոխանակման ծրագիրը հնարավորություն տվեց բացահայտելու կրթական ոլորտի բազմազանությունը։ Այս ճանապարհորդությունը նրան տվեց անմոռանալի հիշողություններ և միջմշակութային հաղորդակցության հմտություններ։
«Ընտրել էի այնպիսի առարկաներ, որ չեմ ուսումնասիրում դպրոցում՝ նպատակ ունենալով բացահայտելու նոր ոլորտներ։ Ինձ համար կարևոր նշանակություն ունեցան «համաշխարհային քաղաքականություն» առարկայի դասերը, որոնց ընթացքում ուսումնասիրեցինք կոնֆլիկտների տեսակները միջազգային հարաբերություններում։ Արդյունքում ևս մեկ անգամ համոզվեցի մասնագիտական կողմնորոշման մեջ»,- պատմում է Մարին։ Նա վստահ է՝ այս 7 օրերի փոխանցած գիտելիքներն ու հմտությունները, ջերմ զգացողություններն ու հիշողությունները դեռ երկար կուղեկցեն իրեն կյանքում։
Իսկ Մարգարիտայի համար այս այցելությունն ավելին էր, քան պարզապես փոխանակման ծրագիր։ «Մեկ դասարանում հավաքվել էին երկու տարբեր ազգային խառնվածքներ ունեցող աշակերտներ։ Այս փորձառությունը, գիտելիքներ ու հմտություններ փոխանակելու և հաղորդակցման հմտությունները զարգացնելու հնարավորություն ընձեռելուց զատ, անձնային և վերանձնային գաղափարների մասին խորհելու տեղիք տվեց»,- ասում է Մարգարիտան։ Նա տպավորված էր նաև ջերմ հյուրընկալությունից ու տեղի աշակերտների ընկերասիրությունից. «Հեռացանք «Լետովո» դպրոցից՝ արդեն ընտանիք դարձած և տեղի աշակերտների հետ միմյանց չմոռանալու ու կրկին տեսնվելու խոստումներ տալով»։
Այս ծրագիրը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես կարող է կրթությունը դուրս գալ դասասենյակներից ու ընդունված սահմաններից՝ դառնալով կապող օղակ տարբեր մշակույթների միջև։