2025-2026 ուսումնական տարվա նախագծային ակումբները

Արվեստանոց


«Կերուսուս» նախագիծ

Դեռահասների շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից է «քաղցը»՝ նյութական և ոչ նյութական ներքին անբավարարվածությունը, որն անտեսվելու դեպքում կարող է հանգեցնել հոգեբանական և սոցիալական լուրջ հետևանքների։ «Արվեստանոց» նախագծային ակումբն առաջարկում է խնդրի մի լուծում՝ սեղանի խաղ, որը խաղացողը, ընտրություններ կատարելով, խաղի այլ մասնակիցների հետ քննարկումներ ունենալով և դրանց արդյունքում միավորներ հավաքելով, պետք է հաղթահարի տարբեր «թշնամիների», որոնք խորհրդանշում են հենց այդ «քաղցերը»։ Դրանք պետք է հաղթահարվեն առողջ մեթոդներով։ Այսպիսով ստեղծվում է մի հարթակ, որի միջոցով դեռահասները կսովորեն ճանաչել իրենց անձնական «քաղցերը» և կզարգացնեն դրանք հաղթահարելու արդյունավետ ու գիտակցված մեխանիզմներ։



CubeSat


«Project IBL» նախագիծ

Նախագիծը նպատակ ունի զարգացնելու գիտատեխնիկական կրթությունը Հայաստանում՝ ստեղծելով տեղական արտադրության գործնական և մատչելի CubeSat կրթական հավաքածուն։ Վերջինս հնարավորություն կտա դպրոցականներին և ուսանողներին իրական փորձով ծանոթանալու արբանյակային տեխնոլոգիաներին՝ առանց դրանք տիեզերք ուղարկելու անհրաժեշտության: Հավաքածուները կանցնեն տեղային թեստավորում՝ ապահովելով դրանց որակն ու հուսալիությունը:


Վեբմաստեր


«FilmerScouter» նախագիծ

Ակումբն այս տարի շարունակում է «FilmerScouter» նախագիծը, որի նպատակն է սկսնակ և պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողներին աջակցել ֆիլմերի նկարահանման համար անհրաժեշտ տեղանքների որոնման, անհրաժեշտ ռեսուրսների և թույլտվությունների ձեռքբերման հարցում, ինչպես նաև Հայաստանը ճանաչելի դարձնել համաշխարհային ֆիլմարտադրության ոլորտում։

Ակումբը համագործակցում է Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ, որը կտրամադրի Հայաստանում մոտ 150 տեղանքների վերաբերյալ ամփոփ տեղեկույթ: Այս տարի նախագծի հիմնական նպատակը կայքը բարելավելն է, նոր գործառույթներ ավելացնելը, ինչը թույլ կտա բացահայտել Հայաստանի գեղատեսիլ վայրերը և կաջակցի արտասահմանյան կինոարտադրողներին Հայաստան բերելուն: Նախատեսված են հանդիպումներ նաև հավանական այլ գործընկերների հետ՝ նախագծի տարածումն ապահովելու համար։


Մուլտիմեդիա

«Ինքնության հանգույց» (Identity Hub) նախագիծ

Նախագիծն անդրադառնում է մեր սերնդին հուզող ամենակարևոր հարցերից մեկին՝ ինքնության և արժեքների կորստին։ Այն նպատակ ունի ցույց տալու, որ մշակույթը միայն անցյալ չէ, այլ ներկա և կենդանի երևույթ, որը ձևավորում է մեր ինքնությունը։ Նախագիծը միավորում է հայկական մշակութային ժառանգությունն ու «Այբ»-ի աշակերտի ութ սկզբունքները՝ ստեղծելով մեդիա հարթակ, որտեղ արվեստը, տեխնոլոգիան և կրթությունը միահյուսվում են։ Ֆիլմը կազմված կլինի ութ թեմատիկ դրվագից, որոնց միջոցով տարբեր մարզերի աշակերտներ կներկայացնեն, թե ինչպես են արժեքներն արտացոլվում իրենց համայնքներում։ Նախագիծը ձգտում է վերակենդանացնելու մշակութային ինքնագիտակցությունը, ձևավորելու արժեքային մտածողություն և ստեղծելու կենդանի կապ երիտասարդների ու հայկական մշակույթի միջև։


Կանաչ քիմիա


«Flextract» նախագիծ

«Ֆլեքստրակտը» գիտական հետազոտության արդյունքի վրա հիմնված բիզնես ծրագիր է։ Մեր նպատակն է փորձարարական եղանակով մշակված հակաբակտերային բիոպլաստիկներից ստանալ սննդի պահպանման ժամկետը երկարացնող տոպրակ։ Այս արտադրանքը կնվազեցնի աշխարհում պլաստիկի օգտագործումը, սննդի քիմիական մշակումն ու բակտերիալ աղտոտման պատճառով վատնումը՝ մոտեցնելով մեր մոլորակը կայուն զարգացմանը։

«CorAlive» նախագիծ

Արևապաշտպան քսուքներում եղած oxybenzone նյութն ունի քաղցկեղածին և էկոլոգիապես վնասակար ազդեցություն՝ վնասելով կորալներին ու խախտելով ծովային էկոհամակարգը։ Այս նախագիծը նպատակ ունի ստեղծելու հավելանյութ, որը չեզոքացնում է oxybenzone-ը՝ պահպանելով SPF-ի արդյունավետությունը։ Լուծումը նախատեսվում է ստանալ պոլիմերացման կամ ԱԲ մոդելավորման միջոցով, իսկ դրա կենսահամատեղելիությունն ու արդյունավետությունը կփորձարկվեն բույսի մոդելի վրա՝ ստեղծելով էկոհամակարգի համար բարենպաստ SPF։

«Airify» նախագիծ

Երևանում օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է, քանի որ վնասակար մասնիկներն ու աղտոտիչները գերազանցում են թույլատրելի սահմանները և վնասում մարդկանց առողջությանը։ Նախագծի նպատակն այդ աղտոտվածությունը նվազեցնելն է՝ ստեղծելով փակ տարածքների համար նորարարական կենսաքայքայվող ֆիլտրեր, որոնք հիմնված են եգիպտացորենի նանոմասնիկների վրա, ունեն տիտանիումի (TiO₂) շերտ և ունակ են ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությամբ ինքնամաքրվելու։ Դրանք կարող են տեղադրվել սենյակներում, խոշոր դահլիճներում կամ այլ փակ տարածքներում՝ ապահովելով մաքուր օդ և ավելի առողջարար միջավայր։

«Algaroot» նախագիծ

Ջրային և հողային էկոհամակարգերում ծանր մետաղների կուտակումը հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման, իսկ հողերի պարարտանյութերի արդյունավետության նվազումը սահմանափակում է բույսերի աճը։ Նախագիծնառաջարկում է հումինաթթվային հիմքով սորբենտ, որը պատված է ալգինատի նանոմասնիկներով՝ արդյունավետորեն կլանելու համար ծանր մետաղներ, հատկապես մոլիբդենի իոնները։ Կլանված մոլիբդենը քելացիայի միջոցով ձևավորում է իոններով հարուստ լուծույթ, որը կիրառվում է որպես կենսարդյունավետ պարարտանյութ՝ բարելավելով հողի սննդային արժեքը և խթանելով բույսերի աճը։


Վավերակումբ


«ՖիլՀարմոնիա» նախագիծ

Վավերագրական ֆիլմերի ստեղծմամբ զբաղվող այս ակումբն այս ուսումնական տարի նկարահանելու է «ՖիլմՀարմոնիա» ֆիլմը, որի նպատակը երիտասարդների շրջանում դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության խթանումն է և դասական մշակույթի ոլորտում նրանց ներգրավվածության մեծացումը։


Արվեստը և արհեստական բանականությունը


«Արցախ. արմատներ` սահմաններից այն կողմ» նախագիծ

Նախագիծը նվիրված է Արցախի մշակութային ժառանգության վտանգվածության և մեզանում «Արցախ» բառի շուրջ ձևավորված բացասական զուգորդումների խնդիրների լուծմանը։ Նախագծի հիմնական նպատակը ուժեղ և կենդանի Արցախը ցուցադրելն է, նրա ոչ նյութական ժառանգությունը պահպանելը և հանրության մեջ հայրենատիրության գաղափարն արթնացնելը։

Որպես լուծում՝ նախատեսվում է իրականացնել փոխգործուն բազմաժանր ցուցահանդես։ Այն եզակիորեն կհամադրի արհեստական բանականության ոլորտն արվեստի հետ։ Ցուցահանդեսը կներառի ինչպես արվեստի տարատեսակ գործեր, այնպես էլ արհեստական բանականությամբ ստեղծված նյութեր՝ ապահովելով տեխնոլոգիական և հուզական ներգրավվածություն։

Նախագծի արդյունքում կստեղծվեն ԱԲ տեսողական արվեստ, թվային մեդիա, ինչպես նաև արվեստի ձեռագործ աշխատանքներ։ Այս նյութերն ամուր հիմք կծառայեն հետագա կրթական աշխատանքների համար։


Ռոքեստր


«Ժամանակը երաժշտության մեջ» նախագիծ

Ակումբը, մնալով հասարակությանը կրթելու իր նպատակին հավատարիմ, այս տարի իրականացնելու է «Ժամանակը երաժշտության մեջ» թեմայով նախագիծ։ Հրապարակելու է տեսահոլովակներ և կազմակերպելու է համերգ-սեմինարներ երաժշտության ռիթմի, տեմպի, չափի և երաժշտության ու ժամանակի այլ հետաքրքիր ու հաճախ անսպասելի կապերի մասին։


Ինժեներական


Ակումբն այս ուսումնական տարի նախատեսում է նախագծել և կառուցել մի այնպիսի համակարգ, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ինտենսիվ այգիներում բերքի որակի և վնասատուների քանակի մշտադիտարկում:


Համար 7


Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի բրենդավորման նախագիծ

«Կոմպոզիցիա VII»-ը Կանդինսկու հայեցակարգային գործերից է` գույնի և ձևի մասին: Այս գործից ներշնչված անունով ակումբը կատարում է տարածքի, տեղի և փորձառության բրենդավորում, որի միջոցով աշակերտները սովորում են ճարտարապետություն ու սոցիալական ինժեներիա և որպես վերջնարդյունք ներկայացնում հանրային նշանակության որևէ տարածքի բրենդավորում:

2025-2026 ուստարում ակումբը կբրենդավորի Արագածի գիտական կենտրոնում գտնվող Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը, որը կառուցվել է 1970-ականներին, 4 տասնամյակ համարվել աշխարհի ամենամեծ ռադիոդիտակն ու 2002 թվականին ճանաչվել պատմամշակութային արժեք: Ներկայումս կենտրոնը վերածվում է ավերակների, և բրենդավորման այս նախագիծը նպատակ ունի հանրային ուշադրությունն այս թեմային հրավիրելու՝ կառույցի փրկության համար:

Որպես վերջնարդյունք ակումբը կներկայացնի բրենդ ու կնվիրաբերի այն՝ որպես մտավոր սեփականություն, պետական կենտրոնին, ինչպես նաև որպես բրենդի շնորհանդեսի միջոցառում կկազմակերպի ձայնատեսողական ներկայացում` փորձարարական բովանդակությամբ: Բրենդավորման ողջ ընթացքը կվավերացվի ֆիլմով` ներկայացնելով աշակերտների՝ հանրային նշանակության բրենդի ստեղծման անձնական փորձառությունը:

Tweets by AybSchool
>